Պարգևատրում

Այլ կերպ ասած՝ մրցանակները, բոնուսներն ու ակցիաներն են այն սահմանազատող գիծը, որով տարբերվում է ժամանակակից քրաուդֆանդինգը ավանդական բարեգործությունից: Եթե բարեգործության ժամանակ հովանավորներն օգնում են մարդկանց անվարձահատույց, ապա քրաունդֆանդինգի դեպքում նախապես մտածված անվանական պարգևատրումները ոգևորում են օգտատերերին՝ աջակցելու այս կամ այն նախագծին:

Պարգևատրումը կարելի է պայմանական բաժանել երեք ենթաշերտի՝

1.  Ստեղծվող ապրանք՝ գիրք, ձայնասկավառակ, հավելված, ձեռագործ արտադրանք ևլն,
2.  Առնչվող նյութական բոնուսներ՝ նվերներ, պաստառներ, հուշանվերներ ևլն,
3.  Ոչ նյութական իրեր՝ երախտագիտության հայտնում (հիշատակում սոցցանցում և այլ կայքերում) անվան նշում ենթագրերում, գրքի մեջ, երեկույթի հրավեր, հանդիպում հեղինակի հետ, վարպետության դասեր, տեսանկարահանման մասնակցություն և այլն:

Արգելվում է առաջարկել գումար, վիճակախաղի տոմս, ալկոհոլ, զենք, արժեթղթեր, դեղանյութեր, սննդային հավելումներ և ապրանքներ, որոնց իրացումը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:

Պարգևատրման կանոններն են.

1. Լավագույն մրցանակը հենց Ձեր արտադրանքն է: Առաջարկելով որևէ այլ բան բացի դրանից՝ հարց տվեք ինքներդ Ձեզ կամ Ձեր ընկերներին. «Կգնեի՞ն այդ պարգևը, թե՞՝ ոչ»: Եթե նրանց համար անհասկանալի է մրցանակի արժեքը, ապա ավելի հաջող տարբերակներ մտածեք:

2. Հետևեք աստիճանակարգին: 3, 8, 15, 25, 50 և ավելի բարձր`կախված նախագծի տեսակից: Գումարային տարբերությունը չպետք է շատ նկատելի լինի: Այսպես, եթե Ձեր կողմից առաջարկված առաջին մրցանակը 15$ է, իսկ անմիջապես դրան հաջորդողը՝ 100$, ապա հովանավորը, որ պատրաստ էր աջակցել 50$-ով, ամենայն հավանականությամբ կընտրի առաջին տարբերակը` 15$-ը, կամ էլ ընդհանրապես չի ցանկանա բաժանվել իր գումարից:

3. Ամենատարածված գումարային չափը քրաուդֆանդինգում 15-20$ է: Պատրաստեք որևէ հետաքրքիր մրցանակ այդ սահմաններում:

4. Հատուկ մրցանակներ մտածեք խոշոր հովանավորների համար: Որոշ դեպքերում հենց նրանց մասնակցությունն է որոշիչ քրաուդֆանդինգի համար:

5. Մրցանակների նախընտրելի քանակը 6-12-ն է: Դրանից քիչ թիվը կարող է շփոթեցնել մասնակիցներին ու բացասաբար ազդել նախագծի արդյունքի վրա: Իսկ երբ տարբերակները մի քանիսն են կամ շատ են, մեծ է ռիսկի գործոնը, որ Ձեր լսարանը շփոթության մեջ կընկնի: Նմանատիպ դեպքերում փորձեք բոնուսների մի մասը տրամադրել քրաուդարշավի մեկնարկից հետո, այդպիսով կկարողանաք ծրագրի հանդեպ հետաքրքրությունը պահպանել ամբողջ դրամահավաքի ընթացքում:

Ավելի լավ է ունենալ երեք արժեքավոր բոնուս, քան անհասկանալի և ծրագրի հետ որևէ կապ չունեցող ութ տարբեր իր:

6. Կենտրոնացրեք ուժերը, ամփոփում կատարեք: Պայմանական տասը մրցանակը բնավ չի նշանակում տասը տարբեր արտադրանք: Փորձը ցույց է տալիս, որ տասը մրցանակը հաճախ երկու-երեք մրցանակի մի քիչ փոփոխված տարբերակներն են:

7. Խելամիտ գին առաջարկեք: Դուք վաճառում եք մի ապրանք, որը դեռևս գոյություն չունի, և հետևաբաև նրա արժեքը պետք է լինի միջին շուկայականից ավելի ցածր: Սա վերաբերում է նաև ակնկալվող պարգևներին. Ձեր ապրանքանշանով սովորական սպորտային բլուզին բրենդային հագուստի գին մի՛ դրեք՝ առաջարկելով այն մարդկանց:

8. Չմոռանաք ունենալ փոքր քանակի սահմանափակ առաջարկներ Ձեր այն հովանավորների համար, որ առաջինն են խիզախել: Ձեր արշավի բարեհաջող մեկնարկը հենց նրանցից է կախված:


Նկարագիր և առաքում

Ձեր ենթադրելի հովանավորի համար պետք է հասկանալի լինեն պարգևատրման բոլոր մանրամասները, մասնավորապես.

 մրցանակների անվանումն ու բնութագիրը
առաքման ժամկետները
առաքման արժեքն ու եղանակը
սահմանափակ թվաքանակը (ըստ ցանկության)

Ո՞վ է վճարում առաքման համար:

Հնարավոր է երեք տարբերակ.

1. հեղինակն ինքն է հոգում առաքման ծախսը,
2. առաքման համար վճարում է հովանավորը (հեղինակը մրցանակների նկարագրման բաժնում մանրամասն նշում է, թե այս կամ այն երկրում բնակվող անձը որքան պետք է վճարի),
3. մրցանակներն իրենց մեջ ներառում են նաև առաքման ծախսը:
Նախապես իմացեք տարբեր երկրների փոստային առաքումների հստակ գները, որպեսզի կարողանաք մրցանակների արժեքը ճիշտ հաշվարկել:

Պարգևատրման օրինակ:
Նախագիծ՝ Թումանյանի հեքիաթների աուդիոգիրք: Ֆինանսական գումարի չափը՝ 7 հազ. $:

№1. Երեք բացիկ հեղինակային նկարազարդումներով՝ ըստ թումանյանական հեքիաթների, առաջին 20 հովանավորի համար, գինը՝ 3$

№2. Գիրք «Ներկի՛ր ինքդ»՝ ըստ թումանյանական հեքիաթների առաջին 30 հովանավորի համար, գինը՝ 5$

№3. Թումանյանի հեքիաթների աուդիոգիրքը առաջին 20 հովանավորի համար, գինը՝ 11 $ (շահույթ 9$)

№4. Թումանյանի հեքիաթների աուդիոգիրքը, գինը՝ 14$ (շահույթ 6$)

№5. Թումանյանի հեքիաթների աուդիոգիրքը + Գիրք «Ներկի՛ր ինքդ» առաջին 20 հովանավորի համար, գինը՝ 17$ (շահույթ 8$)

№6. Թումանյանի հեքիաթների աուդիոգիրքը + Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի ներկայացման հրավիրատոմս առաջին 10 հովանավորի համար, գինը՝ 22$

№7. Երեք աուդիոգիրք՝ ներառող Թումանյանի բոլոր հեքիաթները առաջին 20 հովանավորի համար, գինը՝ 35$ (շահույթը՝ 25$)

№8. Լիակատար հավաքածու՝ ներառող երեք աուդիոգիրք, մեկ գիրք «Ներկի՛ր ինքդ» և երեք բացիկ առաջին 20 հովանավորի համար, գինը՝ 43$ (շահույթը՝ 25$)

№9. Ճաշկերույթ Երևանում նախագծի հեղինակների հետ + նվեր, գինը՝ 70$

№10. Լիակատար հավաքածու՝ ներառող երեք աուդիոգիրք անհատական ձայնագրությամբ. հեքիաթասացը սկսում է հեքիաթը՝ դիմելով Ձեր երեխային, գինը՝ 150$

№11.  Հրատարակչության Vip-հաճախորդ. թվով տասը հավաքածու՝ ներառող 3 աուդիոգիրք, գինը՝ 350$ (շահույթը՝ 250$)