Ներածություն

Քրաուդֆանդինգը (անգլ. crowd - ամբոխ, funding - ֆինանսավորում) նախագծերի կոլեկտիվ ֆինանսավորումն է, ուր նախագծի հեղինակները ֆինանսական օգնության դիմաց ներդրում կատարած հովանավորներին պարգևատրում են տարատեսակ մրցանակներով: Այլ կերպ ասած, համացանցի օգտատերերը օգնում են հեղինակին ստեղծել նոր մի արտադրանք, որից և հետագայում իրենք էլ կարող են օգտվել կամ ստանալ:

Բոլոր տեսակի ծրագրերը կարող են հասնել հաջողության. ցանկացած երազանք, միտք, առաջարկության կարող է իրականանալ, եթե կարողանաք ճիշտ ձևակերպել, և գաղափարը դարձնել հստակ ու հետաքրքիր ծրագիր:

Քրաուդֆանդինգի հիմնադրույթները

1. Քրաուդֆանդինգը ձրի չի
Եթե կարծում եք, որ սա ամենադյուրին ճանապարհն է՝ միջոցներ ձեռք բերելու համար, ուրեմն սխալ տարբերակ եք ընտրել: Քրաուդֆանդինգը պահանջում է ջանք ու եռանդ. սա աշխատանք է շաբաթը 7 օր, 24 ժամ, և եթե Դուք չունեք ժամանակ կամ ցանկություն՝ ակտիվ զբաղվելու Ձեր իսկ նախագծով, ապա, ամենայն հավանականությամբ, Ձեր նախագծի համար ոչ ոք գումար չի ներդնի:

2. Որքան շատ տեղեկություն, այնքան շատ վստահություն
Եթե Ձեր պատրաստած տեսանյութն անկեղծ է, նախագծի նկարագրությունը՝ մատչելի, հստակ ու հետաքրքիր, բյուջեն հիմնավորված է, Դուք մտածել եք յուրահատուկ պարգևներ ներդրում կատարող օգտատերերի համար, ապա Ձեր նախագիծն անկասկած հաջողելու է:

3. Հետաքրքրություն առաջացրեք, ոչ թե խնդրեք
Հարցեր տվեք ինքներդ Ձեզ, հասկացեք՝ ինչը կստիպի անծանոթ մարդուն աջակցելու Ձեր նախագծին: Օգտատերը պետք է ընկալի նախագծի արժեքն ու խնդիրները, որոնք Դուք փորձում եք հաղթահարել:

4. Նախագիծը ավելին է, քան պարզապես միտքը:
Դուք պետք է ունենաք հստակ ռազմավարություն, տվյալ ոլորտի որոշակի ուսումնասիրություն, թե ինչպես եք պատրաստվում նախագիծն իրականացնել: Սխալ մոտեցումներից է. «Հեռախոսային խաղ եմ ուզում ստեղծել, ու ինձ փող է պետք»: Ավելի ճիշտ կլինի այսպես. «Արդեն պատրաստի կերպարներ ունենք, իսկ սյուժեն գրավիչ է ու կհետաքրքրի շատերին: Ձեր ներդրած գումարով կկարողանանք վճարել և գնել այս ու այն»:

5. Շարժ չկա, չկա քրաուդֆանդինգ
Խոսեք, շատ խոսեք քրաուդֆանդինգային արշավը  մասին կայքի ստեղծումից առաջ ու հետո: Զարգացրեք ու ստեղծեք ձեր համայնքը սոցցանցերում, փորձեք հնարավորինս շատ մարդկանց հետաքրքրել ու ներառել Ձեր նախագծի մեջ: Մի՛ ամաչեք պատմելուց ու ներկայացնելուց, իսկ ամենակարևորը՝ երբեք չհանձնվեք:

6. Մարտադաշտում միայնակ պայքարողը զինվո՞ր է, թե՞՝ ոչ
Ձեր քրաուդ-արշավը  շատ ավելի արդյունավետ կլինի, եթե Դուք  գտնեք աջակիցներ: Սովորեք թիմի ներսում կիսել պարտականությունները, հետևեք  հստակ օրակարգի: