Նախագծի նպատակը

Նպատակը պետք է պարզ դառնա նախագծի անվան կամ գոնե կարճ նկարագրության մեջ: Եթե Դուք մինչև վերջ չեք պատկերացնում, թե ինչ եք պատրաստվում անել և ունակ չեք Ձեր միտքը ներկայացնել դասակարգված, ապա մի՛ շտապեք մեկնարկել: Եվ մի՛ մոռացեք՝ վերացարկված, աբստրակտ մտքերը առանձնապես չեն ոգևորում ֆինանսավորողներին:

 Լինում են դեպքեր, երբ մտքերը մի քանիսն են: Մեր Խորհուրդը Ձեզ, հատկապես, եթե սկսնակ եք, սկսեք պարզից: Նախ՝ այդպիսով կկարողանաք ստուգել ծրագրի կենսունակությունը, և ապա՝ կունենաք օգտակար փորձ հաջորդ քրաուդ-արշավի մեկնարկի համար:

Օրինակ՝
Դուք երաժիշտ եք, ունեք խումբ և ցանկություն՝ աճելու և զարգանալու: Որոշում եք գումար հավաքել` ձայնագրելու առաջին ալբոմը: Բայց Ձեզ նաև հարվածային գործիք է պետք և տեղ, որտեղ կկարողանաք փորձեր կատարել: Ի՞նչ անել նման դեպքերում, երբ նպատակակետը ոչ թե մեկն է, այլ միանգամից երեքը:

Սկսեք ամենաքիչ բյուջե պահանջող նպատակակետից: Նախ՝ փորձեք նոր գործիքի համար հավաքել հազար դոլար: Հասկացեք, թե ինչպես է աշխատում քրաուդֆանդինգը և միայն հետո անցեք ավելի խոշոր նախագծերին:

Եվ եթե, ամեն դեպքում, որոշեցիք մեկով չբավարարվել, ապա բաժանեք առաջնայինի և երկրորդականի: Վերնագրի մեջ, բնականաբար, նշվում է առաջնայինը` ալբոմի թողարկում, իսկ նախագծի մանրամասն նկարագրության վերջում պարզաբանեք, որ հավաքված գումարը՝ հիմնական նպատակից զատ, օգտագործվելու է նաև տարածքի վարձակալման և/կամ հարվածային գործիքի գնման համար: