Նկարագրություն

Շապիկը, անվանումն ու հակիրճ նկարագրությունը միասին կազմում են Ձեր ծրագրի նմուշը, որն էլ երևալու է Armstarter-ի նախագծերի էջում, նաև սոցցանցերի, եթե, իհարկե, հարկավոր հղումները չմոռանաք տեղադրել:

1. Նախագծի շապիկը
Շապիկը քրաուդ-արշավի գլխավոր պատկերն է: Այն պետք է իր վրա հրավիրի բոլորի ուշադրությունը և տեսողական մակարդակում պատկերացնելի դարձնի Ձեր ծրագիրը: Օգտագործեք բարձրորակ ու վառ նկարներ: Կարելի է կրկնօրինակել ծրագրի անվանումը շապիկին և այն դարձնել ավելի տեղեկատվական:

2. Նախագծի անվանումը
Անվանումը պետք է ամբողջապես ներկայացնի նախագծի նպատակը կամ միտքը: Պետք է լինի կարճ (50 նիշը չգերազանցող), վառ ու հիշվող: Եթե ապագա նախագիծն արդեն անուն ունի (ամենամյա փառատոնի, խմբի և այլնի), ապա հենց այդպես էլ վերնագրեք:
Օրինակ՝
«ArmTronic. Սարքիր ինքդ քո ռոբոտը»

3. Կարճ նկարագրություն
Հակիրճ (120 նիշը չգերազանցող) ներկայացրեք քրաուդ-ընկերության հիմնական անելիքը, իսկ ավելի կոնկրետ՝ նախագծի անվանումը:
Օրինակ՝
«Armtronic . յուրահատուկ զարգացնող կոնստրուկտոր երեխաների համար, որ թույլ է տալիս ձեռքի տակ եղած նյութերից ռոբոտ սարքել»

4. Մանրամասն նկարագրություն
Նախագծի ամենակարևոր ու ծավալուն հատվածն է: Կառուցվածքով հիշեցնում է տեսահոլովակի սյուժեն (տե՛ս՝ «Տեսանյութ» հավելվածը), որ բաղկացած էր հետևյալ բաղադրիչներից՝ հեղինակ, միտք, խնդիր, լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներ միջոցներ, մեկնարկի կոչ: Ցանկալի է, որ նկարագրությունը լինի մի քանի լեզվով: Գրավոր տեքստը պահպանեք Ձեր համակարգչում, մինչ այն կներմուծեք Armstarter-ի սևագրեր բաժնում: Այդպիսով Դուք չեք կորցնի կարևորագույն տեղեկատվությունը, եթե պատահաբար առաջանան անցանկալի բարդություններ ինտերնետ կապի և այլ տեխնիկական խնդիրների պատճառով:

Կազմում ենք պետքական նկարագրություն.

1. Փորձեք ներկայացնել Ձեր միտքը որոշակի պատմության միջոցով, որն ունի սկիզբ, զարգացում և ցանկալի է նաև վերջաբան: Պատմեք, թե ինչն է Ձեզ (կամ Ձեր թիմին) հանգեցրել այդ մտքին, ինչ դժվարությունների միջով եք անցել, ինչի եք հասել, և, որ ամենակարևորն է, ինչ եք պատրաստվում անել հետագայում, երբ հովանավորները կաջակցեն Ձեր նախագծին:

2. Տեքստը բաժանեք տեսողական և թեմատիկ հատվածների (ծրագրի մասին, մենք, ինչ եք ուզում ձեր լսարանը պետք է անել և այլն), որպեսզի օգտատերերը, թեկուզ միայն կարդալով, իսկույն հասկանան, թե խոսքն ինչ նախագծի մասին է: Ավելացրեք Ձեր ու թիմակիցների լուսանկարները, տեսանյութը: Խուսափեք հեղինակային իրավունք ունեցող երաժշտություն կամ լուսանկար օգտագործելուց, եթե, իհարկե, հեղինակը Դուք չեք:

3. Արտահայտվեք հնարավորինս պարզ ու հասարակ, մի՛ չարաշահեք բարդ ու խճճված լեզվական կառույցներով կազմված խոսքը, հատկապես, եթե դա հայերեն է, քանի որ պոտենցիալ ներդրում կատարողները ամենայն հավանականությամբ լինելու են սփյուռքից, իսկ ոչ բոլոր սփյուռքահայերն են գերազանց տիրապետում հայոց լեզվին:

4. Մի՛ մոռացեք մեկնարկային կոչի մասին. «Միացե՛ք մեզ», «Աջակցե՛ք մեր նախագծին», «Դարձե՛ք մասնիկը նորի», «Մենք ունենք ցանկություն ու կամք՝ ստեղծելու այս նախագիծը, և այն, ինչը մեզ կօգնի մոտենալ մեր նպատակին, հենց ձեր մասնակցությունն է»:

Եվ հիշեք, օգնության ոչ մի խնդրանք: